«Առողջ Հայաստան»-ը հայտարարում է գաղափարակից գործընկերոջ կողմից բազմամիլիոն դոլարանոց բարեգործական հնգամյա ներդրման մասին, որը մինչ օրս Հայաստանում առողջապահության ոլորտի առաջնորդական կարողությունների զարգացման և վերափոխման գործում ամենամեծ միանվագ ներդրումն է և «Առողջ Հայաստանի» պատմության մեջ ամենամեծ նվիրատվությունը։
Այս ներդրումն արտացոլում է աճող վստահությունն «Առողջ Հայաստանի»՝ Հայաստանում առողջապահության առաջնային պահպանման օղակի ամրապնդմանն ու վերափոխմանն ուղղված մոտեցման նկատմամբ: Դիմակայուն առաջնորդների և համակարգերի մեջ ներդրումներ կատարելով՝ «Առողջ Հայաստանը» կառուցում է կանխարգելիչ առողջապահական էկոհամակարգ, որը կբարելավի հիվանդների խնամքի որակը ինչպես գյուղական վայրերում, այնպես էլ դրանից դուրս:
«Այս համագործակցությունը մեր մոդելի և մեր թիմի հանդեպ ակնհայտ վստահությունն է», - ասաց «Առողջ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Լուսինե Մանուկյանը։

«Այն ազդարարում է, որ առաջնորդության և համակարգերի կառուցման աշխատանքն է ճանաչվում որպես կարևորագույն գործոն Հայաստանի առողջապահության վերափոխման համար, այլ ոչ թե միայն ախտանիշների բուժումը»։
Այս երկարաժամկետ ներդրումը կխթանի «Առողջ Հայաստանի» հիմնարար աշխատանքը, որը ներառում է առողջապահության ոլորտի առաջնորդների զարգացումը, ինստիտուցիոնալ համակարգերի ամրապնդումը և կարևորագույն բժշկական ծառայությունների մատուցման ընդլայնումը թերսպասարկվող համայնքներում: Նվիրաբերող կազմակերպությունը որոշել է անանուն մնալ և արտահայտել է իր երկարաժամկետ հավատարմությունը «Առողջ Հայաստանի» առաքելությանը:
«Սա կարևորագույն իրադարձություն է ոչ միայն «Առողջ Հայաստան» հիմնադրամի, այլև Հայաստանում կայուն հաստատություններ կառուցելու ավելի լայն շարժման համար», - ասաց «Առողջ Հայաստանի» համահիմնադիր և խորհրդի նախագահ Լարիսա Հովհաննիսյանը:
«Առողջ Հայաստանին» բացառիկ է դարձնում մարդկանց և համակարգերի մեջ ներդրումներ կատարելու նվիրումը՝ այն ոչ հմայիչ, բայց կարևոր աշխատանքը, որն իրապես վերափոխում է երկրի առողջապահությունը: Այս ներդրումը վկայում է, որ Հայաստանի ապագան կախված է հենց այսպիսի երկարաժամկետ, կարողությունները առաջնահերթ համարող մտածողությունից»:
«Առողջ Հայաստան» հիմնադրամը շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանում առողջապահության մասնագետների, հաստատությունների և գործընկերների, այդ թվում նաև Առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատելու սկզբունքին՝ բոլորի համար դիմակայուն, կանխարգելիչ և հասանելի առողջապահական համակարգ կառուցելու համար։